Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Ես սիրում եմ իմ ժողովրդին, հայի իմ տեսակը»

«Ես սիրում եմ իմ ժողովրդին, հայի իմ տեսակը»
26.09.2008 | 00:00

«ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ»
Մարզային հիմնախնդիրները բավականին շատ են և դժվար լուծելի։ Կառավարությունը որդեգրել է տարածքային համաչափ զարգացման ծրագիր, որի հիմնական նպատակը գյուղական համայնքների զարգացումն է։ Մեր զրուցակիցը՝ Արարատի մարզպետ ՎԱՐԴԳԵՍ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ, ներկայացնում է իր պաշտոնավարման ընթացքում հանդիպած դժվարություններն ու դրանց լուծման ուղղությունները։
-Պարոն մարզպետ, լրացել է Ձեր պաշտոնավարման 100 օրը։ Այս ընթացքում ի՞նչ խնդիրներ եք լուծել, ի՞նչ պրոբլեմների առաջ եք կանգնել։
-100 օրը նույնիսկ շատ է, մեկ ամիսն էլ բավարար է, որ մարդ հասկանա, թե ինքը որտեղ է աշխատում, ինչ ծանրության տակ է մտել։ Մարզն ինձ համար նորություն չէ։ Արտաշատի տարածաշրջանը շատ լավ գիտեմ։ Եվ առկա խնդիրները միայն Արարատի մարզի դժվարությունները չեն, դրանք համընդհանուր են ողջ հանրապետության համար։ Չի կարելի մարզերը տարանջատել. այսօր ընդհանուր քաղաքականություն ենք տանում։ Ընդամենը պետք է բոլորի կողմից հարցերը բարձրացվեն, և դրանց տրվեն ճիշտ լուծումներ։ Իմ պաշտոնավարման ընթացքում տարածքային կառավարման նախարարի հետ քննարկել ենք որոշ հրատապ հարցեր։ Բարձրացրած բոլոր խնդիրներն էլ լուծում են ստացել, և քանի որ ես պատկերացնում եմ մեր բյուջեի վիճակը, հասկանում եմ, թե ինչ կարելի է պահանջել կառավարությունից։ Մարզի 32 դպրոց, 2 մշակույթի տուն, 1 մանկապարտեզ, ինչպես նաև Արտաշատի կենտրոնական հիվանդանոցն այժմ հիմնանորոգվում են։ Ես չգիտեմ՝ ինչքան կաշխատեմ, բայց ամեն ամիս մի դպրոց վերանորոգելու եմ։ Դա իմ առաջնահերթություններից է, քանի որ դպրոցից շատ բան է կախված. դպրոցում է դաստիարակվում մեր ապագան։ Մարդ եթե առողջ դատի, նորմալ վերաբերվի իր ընտանիքին, այդ ընտանիքում կհասկանան իրեն։ Ընտանիքն ու պետությունը սերտորեն կապված են։ Ընտանիքը պետության մանրակերտն է։ Եթե մենք միմյանց վերաբերվենք այնպես, ինչպես կցանկանայինք՝ վերաբերվեին մեզ, ապա իմ, ձեր, մեր բոլորի պետությունը շատ հզոր ու առողջ կլինի, և այդ պետության մեջ ցանկալի կլինի շատ ապրել։ Մենք թվով քիչ ենք և պետք է իրար սիրենք։ Ես սիրում եմ իմ ժողովրդին, հայի իմ տեսակը։
-Հայաստանում ամեն ինչ կենտրոնացած է մայրաքաղաքում, իսկ մարզերը տնտեսական զարգացման և այլ առումներով կարծես աչքաթող են արված։ Չե՞ք կարծում, որ կառավարությունը պետք է որդեգրի ապակենտրոնացման քաղաքականություն և ուշադրությունը նաև մարզերին սևեռի։
-Իշխանությունը դեմքով պետք է շրջվի դեպի մարզեր, որովհետև եթե գյուղերում չունենանք առողջ մթնոլորտ, քաղաքը ոչինչ չի կարող անել, քաղաք կերակրողը գյուղն է։ Մենք՝ որպես փոքր պետություն, փոքր ազգ, իրավունք չունենք գյուղական համայնքներին այսպես վերաբերվելու։ Երևանը, այսպես թե այնպես, զարգանալու է, որովհետև այն երկրի կենտրոնն է, սիրտն է։ Իսկ մարզում անելիքներ շատ կան։ Արմավիրը, Կոտայքը, Արարատը Երևանին հարակից մարզեր են, և եթե դրանցում զարգանան արտադրությունը, ենթակառուցվածքները, ապա մարդիկ ինքնըստինքյան կձգտեն դեպի մարզեր։ Տարանջատումը մարզերի և մայրաքաղաքի միջև մի քիչ շատ է, և քաղաքական կամք է անհրաժեշտ՝ մարզերի զարգացմանը զարկ տալու համար։ Քայլեր կարծես արվում են. կառավարությունը պարբերաբար արտագնա նիստեր է անցկացնում մարզկենտրոններում (ես էլ, ի դեպ, մարզպետի պաշտոնում նշանակվել եմ արտագնա նիստի պայմաններում), ինչն օգնում է տեղում շփվել գյուղացու խնդիրների հետ, հասկանալ դրանք ամբողջ խորությամբ։
-Հայաստանի բերքի 70-80%-ն արտադրվում է Արարատի մարզում, սակայն այստեղ ընդամենը 1-2 վերամշակող գործարան կա՝ Արտաշատի պահածոների գործարանը և «Բորոդինոն»։ Գյուղացիները դժգոհում են, որ Արտաշատի պահածոների գործարանը կամայական ցածր գներ է սահմանել բերքի մթերումների համար, և իրենք բերքը հանձնելու այլընտրանք չունեն։
-Երբ ես մարզպետ նշանակվեցի, ինձ մոտ հրավիրեցի պահածոների գործարանների ղեկավարներին, և նրանք վստահեցրին, որ Արարատի մարզում բերքի ընդունման խնդիր չի լինի։ Այդպես էլ եղավ. սեզոնին գյուղացին բերքը ձեռքին չմնաց, հանձնեց վերամշակող գործարաններին։ Ինչ վերաբերում է գներին, ապա ասեմ, որ մենք շատ հարցերում կայացած չենք։ Պետությունն ինքն էլ պետք է ուշադրություն դարձնի վերամշակող գործարաններին, պետք է վարկավորի նրանց, ընդ որում՝ շատ ցածր տոկոսադրույքներով։ Եթե պետությունն աջակցի, ինքն էլ կկարողանա թելադրել մթերման գները։ Ի վերջո, բերքը մթերել-մշակել-իրացնել-եկամուտ ստանալ շղթան անցնելու համար ժամանակ է հարկավոր՝ նվազագույնը 3-4 ամիս։ Մինչդեռ գյուղացին անմիջապես է ուզում իր գումարը։ Գյուղացի-արտադրող-սպառող հարաբերություններին պետությունը պետք է ուշադրություն դարձնի։ Այդ գործարանները 4-5 տարի է, ինչ կայացել են, և սեփականատիրոջն էլ կարելի է հասկանալ։
-Գյուղն ամբողջությամբ պրոբլեմների կծիկ է, և դրանցից կարևորագույնը ոռոգման ջրի հարցն է։ Ազատի ջրամբարը չի կարողանում բավարարել Արարատի մարզի ոռոգման խնդիրները։
-Ջրային պաշարները ողջ հանրապետությունում նվազել են։ Ինքներդ եք տեսնում, որ տեղումների քանակն այս տարի խիստ սակավ է։ Բացի այդ, ջուրը մենք շատ մեծ դժվարությամբ ենք ստանում։ Վերջերս «Արաքս» կայանում էի, և այն, ինչ տեսա, շատ զարմանալի էր. մեկ ագրեգատը ջուրը մղելու համար ժամում 1400 կվտ էլեկտրաէներգիա է ծախսում։ Պատկերացրեք՝ 5 ագրեգատ ջուր է մղում վերև, որ Արարատյան դաշտը ոռոգվի։ Ջրի վրա գործ է արվում։ Խնդիրները բազմաթիվ են ու բազմազան, աստիճանաբար դրանք կլուծվեն։ Եկեք շատ չդժգոհենք։
-Մարզն ունի նաև սահմանամերձ համայնքներ՝ ՈՒրծաձոր, Երասխավան, Վարդաշատ, որոնք նաև սահմանապահ գյուղեր են։ Այդտեղից, սակայն, բավականին մեծ է արտագաղթը։ Ի՞նչ է արվում այդ համայնքներում կյանքը բարելավելու և գյուղացուն հողի հետ կապելու համար։
-Վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին 3 տարում սահմանամերձ այդ համայնքներից արտագաղթը դադարել է։ Գյուղացուն իր ծննդավայրում պահելու համար շատ բան է արվում և դեռ պետք է արվի։ ՈՒրծաձորում, օրինակ, վերանորոգվում է մշակույթի օջախը, որպեսզի երիտասարդությունն այնտեղ կարողանա անցկացնել իր ազատ ժամանակը։ Բացի այդ, բնությունը, շրջապատը պետք է թելադրեն՝ ինչ անել։ Մենք արհեստականորեն ոչինչ անել չենք կարող։ Այն ամենը, ինչ ունենք, մերն է, ո՛չ դեն նետելու է, ո՛չ էլ նեղանալու է, որ թողնենք գնանք։
-Վերջերս մարզում ընտրություններ տեղի ունեցան. Արարատի տարածաշրջանից մեծամասնական ընտրակարգով ՀՀ ԱԺ պատգամավոր ընտրվեց Հովիկ Աբրահամյանը, ինչը մեծ իրարանցում առաջացրեց և՛ հանրապետության քաղաքական դաշտում, և՛ ՀՀԿ շարքերում։ Ինչպե՞ս եք գնահատում այդ գործընթացները և հատկապես Տիգրան Թորոսյանի հրաժարականը։
-Հանրապետական կուսակցությունը քաղաքական որոշում է ընդունել Հովիկ Աբրահամյանին առաջադրելու ԱԺ նախագահի պաշտոնում, և կուսակցության յուրաքանչյուր անդամ պարտավոր է ենթարկվել ու կատարել իր կուսակցության որոշումները։ Պարոն Աբրահամյանը ձեռագիր ունի Արարատի մարզում։ Ես վատ եմ զգում, որ խորհրդարանում հարց է քննարկվում, և դահլիճում մարդ չկա, պատճառաբանում են, թե պատգամավորներն առանձնասենյակներում նստած՝ լսում են նիստի հեռարձակումը։ Ինչպե՞ս կարելի է, եկել ես աշխատանքի, պետք է դահլիճում լինես։ Հ. Աբրահամյանը սիրում է կարգ ու կանոն։ Ա՛յ, կտեսնեք, որոշ ժամանակ անց դահլիճն այլևս դատարկ չի լինի։ Յուրաքանչյուր պատգամավոր բացակայելիս պետք է հիմնավորի պատճառը և ոչ թե ամեն անգամ բժշկի թուղթ ներկայացնի։ Կդառնա Հ. Աբրահամյանը խորհրդարանի նախագահ, կտեսնենք, որ ԱԺ-ի կերպարը, դեմքն ու դիրքը կփոխվեն։
-Տիգրան Թորոսյանի՝ կուսակցությունից հեռանալով ՀՀԿ-ի շարքերն արդյոք չե՞ն խարխլվի։
-Ինձ համար էլ շատ ցավալի է Տիգրան Թորոսյանի հեռանալը, քանի որ նա կուսակցության հիմնադիրներից է։ 1995-ին ինձ ՀՀԿ-ի շարքերն է ընդունել հենց Տիգրան Թորոսյանը։ Բոլորի համար անսպասելի էր կուսակցությունից դուրս գալու նրա որոշումը։ Հին հանրապետականներ կան, որոնք հոգով կուսակցական են, նրանց համար էլ շատ զարմանալի էր Տ. Թորոսյանի այդ քայլը։ Հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում կվերականգնվի կուսակցության շարքերում։ Բայց ես ճանաչում եմ հանրապետականի կորիզը, ահագին լավ տղաներ կան՝ պետական մտածողություն ունեցող, իրենց հայրենիքը սիրող իսկական հայեր, ովքեր երբեք թույլ չեն տա, որ կուսակցության հիմքերը խարխլվեն։
-Ի՞նչ կարծիք ունեք ընդդիմության մասին։
-Արարատի մարզում ընդդիմություն չի լինելու։ Ես այդ բառը՝ «ընդդիմություն», չեմ սիրում։ Ի՞նչ է, եթե մի ուժ ստիպում է ինձ լավ աշխատել, ուրեմն՝ նա ընդդիմությո՞ւն է։ Եթե մի մարդ քո թերությունը մատնացույց է անում, ուրեմն՝ նա ընդդիմությո՞ւն է։ Իհարկե՝ ոչ։ Նա ընդամենը պահանջում է։ Հանրապետության նախագահին էլ եմ ասել՝ այդ բառը մի օգտագործեք։ Այս երկրում տարանջատումներ չպետք է լինեն. բոլորը մերոնք են։
Զրույցը՝ Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 4497

Մեկնաբանություններ